Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում հետազոտության հաշվետվության ներկայացումը:
Հիշեցնենք, որ հետազոտությունը իրականացրել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության պատվերով 2013թ. հունվար-հուլիս ամիսներին: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և ՀՀ 5 մարզերի 34 ներառական դպրոցներ: Ուսումնասիրության հիմնական նպատակն է եղել գնահատել ՀՀ-ում ներառական կրթության իրականացումը, հատկորոշել առկա խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև պոտենցիալ հնարավորությունները՝ ներառական կրթության համակարգի հետագա բարելավման նպատակով:
Վերլուծական հաշվետվության ներկայացմանը ներկա էին Կրթության գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, միջազգային կազմակերպությունների, ներառական դպրոցների, մարզային կառույցների ներկայացուցիչներ և կրթության ոլորտի փորձագետներ:
Միջոցառման բացման խոսքում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ծրագրեր գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը ներկայացրեց, թե ինչու էր կարևոր այս հետազոտությունը՝ շեշտելով, որ Հիմնադրամը երկար տարիներ կրթության ոլորտի ծրագրեր է ֆինանսավորել՝ բարձրագույն կրթության, հատուկ դպրոցների, ներառական կրթության, իսկ այժմ անհրաժեշտություն էր առաջացել ստանալ օբյեկտիվ գնահատական իրականացված ծրագրերի, պատահական չէ, որ բացի այս հետազոտությունը այս տարվա ընթացքում Հիմնադրամը ֆինանսավորել է ևս երկու հետազոտություն բարձրագույն կրթության և հանրակրթության վերաբերյալ: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ ընդգծելով, որ հետազոտության միջոցով Հիմնադրամը նպատակ էր դրել ստանալ հիմնավոր գիտելիքներ ներառական կրթության առկա վիճակի, ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ, որից հետո ծավալել հասարակական քննարկումներ: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում Հենրիետ Արենսը՝ նշելով, որ ՄԱԿ-ը ևս կարևորում է երեխաների համընդհանուր ներառումը և նման հետազոտությունը օժանդակում են այդ խնդրին ուղղված ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Այնուհետև Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հեղինակային թիմը ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները: Ներկայացմանը հաջորդեցին հարցեր ուղղված հեղինակային թիմին՝կապված մեթոդաբանության, արդյունքների մեկնաբանման հետ:
Հետազոտության արդյունքների ներկայացմանը հաջորդեց բուռն քննարկում Հայաստանում ներառական կրթության համակարգի բարելավման վերաբերյալ: Առաքելություն Արևելք տնօրեն Ռաֆի Դուդակյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, որ ներառական կրթության հաջողությունը պայմանավորված չէ տարիներով կամ ֆինանսական միջոցների չափով, այլ իրականացնողների մոտեցմամբ, թե որքանով են նրանք ընդունում այդ գաղափարախոսությունը: Հույսի կամուրջ կազմակերպության տնօրեն Սուսաննա Թադևոսյանը ընդգծեց, որ չի կարելի ներառական կրթությունը առանձնացնել հանրակրթությունից, ներառական կրթությունը կրթության որակի չափանիշ է: ԿԳՆ ներկայացուցիչ Ռոբերտ Ստեփանյանը նշեց, որ մինչ այժմ ներառական կրթությունը Հայաստանում հիմնված է եղել ոչ թե կրթության որակի, այլ մարդու իրավունքների կոնցեպցիայի վրա, ինչն էլ նպաստել է ներառական համակարգի որպես հանրակրթության առանձին բաղադրիչի ընկալմանը: Մասնակիցները բարձրաձայնեցին կրթական կարիքների գնահատման, ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական կրթությանը վերաբերյալ հարցեր ևս, ինչին ի պատասխան Հիմնադրամի փոխտնօրենը արձագանքեց՝ նշելով, որ կարևոր է այժմ այս հետազոտության խնդիրների մանրամասն քննարկման և հետագա լուծումների համար ստեղծել աշխատանքային խմբեր: Վերջում հեղինակային թիմը ընդգծեց, որ կրթության ոլորտի հետազոտությունները պետք է լինեն շարունակական, քանի որ կրթական գործընթացները ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություններ, որոնց չափումը պահանջում է շարունակականություն:

English Armenian

Poll

Որքանով է համապատասխանում այժմյան Ձեր աշխատանքը Ձեր ստացած մասնագիտական կրթությանը:

Լիովին համապատասխանում է
Հիմնականում համապատասխանում է
Հիմնականում չի համապատասխանում
Ընդհանրապես չի համապատասխանում
Դժվարանում եմ պատասխանել




Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն. © 2012-2014. All Rights Reserved. e-research.am
Using of website materials is possible only with the permission of the administration. Development and promotion: Web studio Wmpromo
Սոցիոլոգիա, սոցիոլոգիական հետազոտություն, սոցիոլոգիական խորհրդատվություն, սոցիոլոգիական փորձաքննություն, կրթական հետազոտություն, օնլայն հետազոտություն, դասընթաց, համաժողով