Նորություններ

2022-08-31 20:45:01

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի մասնակցությունը ECER 2022-ին

Օգոստոսի 22-25 Երևանում տեղի ունեցավ ECER (European Conference on Educational Research) 2022 համաժողովը, որին մասնակցեցին շուրջ 1000 կրթության ոլորտի հետազոտողներ, գիտնականներ 70 երկրներից։

Լինելով Հայաստանում գործող կրթական հետազոտություններով մասնագիտացած կենտրոն՝ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ակտիվորեն ներգրավված էր համաժողովին։ Դեռևս անցյալ տարի կենտրոնը նախաձեռնել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեղական հետազոտողներին համաժողովի համակարգող, ԵՊՀ դոցենտ Աննա Ալեքսանյանը ներկայացրեց համաժողովի նպատակը, մասնակցության ձևաչափերը և ընթացակարգերը։ Այնուհետև կենտրոնը կրթաթոշակներ տրամադրեց համաժողովի մասնակցության համար հայաստանյան հետազոտողներ՝ Արաքսյա Սվաջյանին և Էդիթ Սողոմոնյանին։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը համաժողովին ներկայացրեց «Ներառական կրթությունը Հայաստանում․ ձեռքբերումներ և մարտահրավերներ» զեկույցը։

Համաժողովին Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ունեցավ երկու զեկույց՝ համավարակի ընթացքում կրթության իրավունքի իրացման և եզդի երեխաների կրթության իրավունքների վերաբերյալ։ Համավարակի ընթացքում կրթության իրավունքի վերաբերյալ զեկույցի ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցող Արման Մելքոնյանին՝ ընդգծելով թեմայի արդիականությունը, քանի որ դեռևս կրթության վրա համավարակի ազդեցության նոր ուսումնասիրությունների կարիք կա։

Մարինա Գալստյանը ներկայացրեց եզդի երեխաների կրթության իրավունքի իրացման վերաբերյալ զեկույցը, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ իրականացված հետազոտության արդյունքներին։ Մասնակիցները ընդգծեցին, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում կրթական խնդիրների մասնագիտական ուսումնասիրությունը օրակարգային է նաև իրենց երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և այլն։

ECER 2022 համաժողովի շրջանակներում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը կազմակերպել էր նաև պանելային քննարկում «Կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը Հայաստանում» խորագրով, որը վարեցին կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը, հետազոտող Գայանե Հովակիմյանը և վերլուծաբան Արման Մելքոնյանը։

Պանելային քննարկում վարողները անդրադարձ կատարեցին իրավական կարգավորումներին, կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման մեթոդաբանական և էթիկական խնդիրներին։ 

Պանելային քննարկման մասնակիցները նաև անդրադարձան և կիսվեցին իրենց երկրների փորձով, նշելով, որ Մեծ Բրիտանիայում, Հունաստանում և այլ երկրներում այս խնդիրը նույնպես արդիական է և մշտապես գտնվում է կրթության ոլորտի հետազոտողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում։

«Այս տարի լրանում է մեր գործունեության 10 տարին, ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք նման նշանակալի կրթական միջոցառման շրջանակներում ակտիվ մասնակցություն ունենալ և կիսվել մեր տասնամյա գործունեության ընթացքում կուտակված փորձով և գիտելիքներով»-նշեց Մարինա Գալստյան։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում EERA - European Educational Research Association և Երևանի պետական համալսարանին նման նշանակալի կրթական միջոցառում կազմակերպելու և հայկական կրթական համակարգի վերաբերյալ հետազոտական գիտելիքով կիսվելու և քննարկելու հարթակներ տրամադրելու համար։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

Հետևեք մեզ