Մայիսի 20-ին ուսումնական այց կատարեցինք Collège de France, որը բարձրագույն կրթության և հետազոտական պետական հաստատություն է՝ հիմնադրված 1530 թվականին։ Այցի շրջանակներում մասնակցեցինք պրոֆեսոր Դիդիե Ֆասենի (Didier Fassin) դասախոսություններին՝ «Բռնության ձևերը» ընդհանուր խորագրի ներքո։ Այդ օրն ընթերցված դասախոսությունները վերնագրված էին՝ <Ծագումնաբանություններ («Généalogies») և «Գրել նրան» («Écrire»)։ Դիդիե Ֆասենը՝ նշանավոր սոցիոլոգ և մարդաբան է, դասախոսությունների այս շարքով ուսումնասիրում է բռնության բազմազան դրսևորումները ժամանակակից հասարակություններում՝ վերլուծելով դրանց սոցիալական, բարոյական և քաղաքական հետևանքները։ Դասախոսությունների շարքը անցկացվում է Ֆասենի ղեկավարած «Բարոյական հարցերը և քաղաքական մարտահրավերները ժամանակակից հասարակություններում» ամբիոնի շրջանակներում։
Սոցիոլոգիական մտքի վրա նշանակալի ազդեցություն ունեցող Ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոն 1971 թվականից մինչև իր մահը՝ 1984 թվականը, զբաղեցրել է Մտածողության համակարգերի պատմության (Histoire des systèmes de pensée) ամբիոնի վարիչի պաշտոնը Collège de France-ում:
1970 թվականի դեկտեմբերի 2-ին Միշել Ֆուկոն կարդացել է իր առաջին դասախոսությունը Collège de France-ում, որը հրատարակվել է երկու ամիս անց՝ «Խոսքի կարգը» վերնագրով, որտեղ փիլիսոփան ուսումնասիրում է իշխանության, գիտելիքի և դիսկուրսի միջև եղած փոխհարաբերությունները՝ ընդգծելով այն մեխանիզմները, որոնց միջոցով դիսկուրսը վերահսկվում, ընտրվում, կազմակերպվում և տարածվում է հասարակությունում: Ամեն շաբաթ, սկզբում չորեքշաբթի կեսօրին, ապա 1976 թվականից սկսած առավոտյան, Ֆուկոն հրապարակային դասախոսություններ էր կարդում աշխարհահռչակ այս հաստատությունում։ Այս դասախոսությունները կարևորագույն իրադարձություններ էին. հազարավոր մարդկանց մասնակցությամբ դրանք ստեղծեցին ժամանակակից քննադատական հետազոտության չափանիշներ։