Նորություններ

2025-05-25 18:30:56

Այցելություն Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Inalco)

Մայիսի 21-ին այցելեցինք Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Inalco): Inalco-ն աշխարհում բարձրագույն կրթության և հետազոտական միակ պետական հաստատությունն է, որն առաջարկում է լեզուների և քաղաքակրթությունների վերաբերյալ ուսուցման այդքան հարուստ շրջանակ՝ ճանաչված է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Բակալավրի աստիճաններից մինչև դոկտորական աստիճաններ Inalco-ում դասավանդվում է ավելի քան 100 լեզու և քաղաքակրթություն, ինչպես նաև մի շարք մասնագիտական դասընթացներ:
Inalco մեր այցի շրջանակներում հանդիպեցինք Inalco-ի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Անահիտ Տոնապետեանի հետ, ում հետ քննարկեցինք հայագիտության կրթական և հետազոտական ծրագրերը։
Inalco մեր այցի ընթացքում մասնակցեցինք արգենտինահայ գրող Անա Արզումանյանի գրքի վերաբերյալ հանդիպում-քննարկմանը, որը վարում էին հեղինակը և Inalco դասախոս Ժերար Մալքասյանը։ Հանդիպումը իրականացվում էր հայագիտական հանդիպումների շարքի շրջանակներում։
Անա Արզումանյանը ծնվել է Բուենոս Այրեսում 1962 թվականին հայկական ընտանիքում, արգենտինացի բանաստեղծուհի և ակնարկագիր է: Հանդիպմանը քննարկվեցին Անա Արզումանյանի՝ «Խելագար Ժաննա» (Jeanne la Folle) և «Թթի օղի» ('Vodka aux mûres ) ստեղծագործությունները, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործության մեջ ոգեշնչման և մտորումների երկու հիմնական ոլորտները՝ մի կողմից՝ տղամարդկանց գերիշխանությունը, կանանց խոսքի և մտքի հանրային տարածք մուտք գործելու պայմանները, մյուս կողմից՝ ցեղասպանություններից և զանգվածային վայրագություններից ժառանգած տրավմաները, որոնք քննվում են նրա սեփական փորձից՝ որպես 1915 թվականի բնաջնջումից մազապուրծ եղածների ժառանգ: Հանդիպումը տեղի ունեցավ հեղինակի հետ քննարկման տեսքով՝ ներկայացված ստեղծագործությունների շուրջ՝ հատվածների ընթերցմամբ, ապա՝ հայ համայնքի, գրողների և արվեստագետների տեղի, Արգենտինայի մշակութային կյանքում և հայկականության հետ նրանց կապի, և քաղաքական, տնտեսական և սոցիալական ցնցումների մեջ գտնվող երկրի ապագա հեռանկարների շուրջ:
Կիսվենք հանդիպման մի քանի շեշտադրում-հարցադրումներով՝
—Ո՞րն է ազգային գրականությունը, ո՞րն է հայկական գրականությունը՝ որը հայերեն է գրված, որը հայ գրողների կողմից է գրված, թե որը հայերի մասին է գրված,
—Ինչպե՞ս խոսել պատերազմի մասին, ինչպե՞ս հիշել պատերազմը, ինչպե՞ս մոռանալ պատերազմը,
—Ինչպե՞ս լռել պատերազմի մասին, լռությունը կարող փոխանցել բռնությունը առանց բառի, ինչպե՞ս կտրել բռնության այս շղթան։
Շնորհակալ ենք տիկին Անահիտ Տոնապետեանին մեզ հյուրընկալելու և հանդիպմանը հրավիրելու համար։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ