Նորություններ

2026-07-04 13:11:42

Ներկայացվեց «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը

Հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի ունեցավ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր, սոցիոլոգ Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության շնորհանդես-քննարկումը։

Միջոցառումը համախմբել էր գիտական և ուսումնական հաստատությունների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ դառնալով երիտասարդության հիմնահարցերի շուրջ մասնագիտական և հանրային երկխոսության հարթակ։

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը։ Շնորհանդեսի ընթացքում մենագրության հեղինակ Մարինա Գալստյանը ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները, այդ թվում՝ երիտասարդների կյանքի ռազմավարությունները, երիտասարդների տիպաբանությունը, երիտասարդների անկախության ինդեքսի ցուցանիշները, ինչպես նաև երիտասարդների մասնակցության առանձնահատկությունները։ 

 

Մենագրության շնորհանդեսը ուղեկցվեց նաև քննարկումով, որտեղ բանախոսները ընդգծեցին նման ուսումնասիրությունների նշանակությունը երիտասարդության հիմնախնդիրների ավելի խորքային ընկալման և ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակման համար։ Բանախոսները կարևորեցին գիտահեն հետազոտությունների դերը երիտասարդական քաղաքականության մշակման, կրթական բարեփոխումների և հանրային որոշումների կայացման գործընթացներում։ Քննարկումը վարեց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։ 

 

Մենագրությունը մշակվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ իրականացված հետազոտական նախագծի շրջանակում, ԵՊՀ գիտական խորհրդի կողմից երաշխավորվել է որպես մենագրություն և հրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից:

«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը ներկայացնում է ժամանակակից հայ երիտասարդության սոցիալական իրականության բազմակողմանի վերլուծությունը՝ հիմնված քանակական և որակական հետազոտական տվյալների վրա։ Աշխատությունում քննարկվում են երիտասարդների կրթական ուղիները, զբաղվածության հնարավորությունները, քաղաքական և քաղաքացիական մասնակցության պրակտիկաները, կենսակերպը, միգրացիոն տրամադրությունները, անկախացման գործընթացները և ապագայի պատկերացումները՝ հետպատերազմյան և արագ փոփոխվող հասարակական պայմաններում։ Մենագրությունը բացահայտում է այն հակասական միջավայրը, որտեղ Հայաստանի երիտասարդները միաժամանակ բախվում են անորոշությանը, ռիսկերին և կառուցվածքային սահմանափակումներին, սակայն շարունակում են պահպանել հույսը՝ որպես ապագային միտված դիրքորոշում։ Գիրքը նպատակ ունի նպաստելու Հայաստանում երիտասարդության հիմնախնդիրների գիտական ըմբռնմանը և երիտասարդական քաղաքականությունների մշակմանը։

Մենագրությունը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։

 

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին, մասնակիցներին և համագործակցող կազմակերպություններին՝ հետազոտության իրականացման և գրքի շնորհանդեսի հաջող կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն Երևանի պետական համալսարանին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին, ԵՊՀ հրատարակչությանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին և Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կարևոր և արդյունավետ համագործակցության համար։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ