Նորություններ

2026-10-12 17:35:19

Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում․ մենագրության քննարկում Արար հիմնադրամի նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 8-ին «Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության քննարկումը։

 

Հանդիպման նպատակն էր երիտասարդության, կրթության, գիտության և հարակից ոլորտների մասնագետների, փորձագետների հետ քննարկելու մենագրության մեջ ամփոփված ՀՀ երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները։ 

«ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ հիմնադրամը մշտապես կարևորում է ոլորտային, այդ թվում երիտասարդների շրջանում իրականացված նման ուսումնասիրությունները։ 

Մարինա Գալստյանը ներկայացրեց մենագրության հիմնական ասելիքը՝ ընդգծելով, որ այն միայն հետազոտություն չէ, այլ փորձ է հասկանալու, թե ինչ է նշանակում լինել երիտասարդ ճգնաժամերի համատեքստում, այդ թվում հետպատերազմյան հասարակություններում։

 

Հանդիպման ներկաները հարցերի և մեկնաբանությունների միջոցով խորությամբ քննարկեցին երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, կրթության, քաղաքական և քաղաքացիական մասնակցության, զբաղվածության, հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտական տվյալները։ Մասնավորապես հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին, թե որ գործոններն են ազդում այսօր երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա, ինչպես է մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկա մուտք գործելը ազդում մասնագիտական ինքնության ձևավորման վրա, արդյոք մասնագիտությամբ չաշխատելը օգնում է, խոչընդոտում է կրթության որակին։ Կարևոր քննարկում ծավալվեց նաև երիտասարդների քաղաքացիական և քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոնների շուրջ։ Ներկաները ընդգծեցին, որ կարևոր է նաև հասկանալ, թե որքանով են Հայաստանի երիտասարդները կրում գլոբալ ազդեցությունները, որոնք են միջազգային միտումները, որոնք են հենց Հայաստանի երիտասարդների առանձնահատկությունները։

 

Հիշեցնենք, որ մենագրությունը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։  

 

Շնորհակալություն ենք հայտնում «Արար» հիմնադրամին հանդիպման նախաձեռնության և կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր ներկաներին մասնագիտական խորքային քննարկման և դիտարկումների համար։  

 

Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման լուսաբանումների համար։

 

Արար հիմնադրամ, Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում․ նոր հետազոտությունը բացահայտում է երիտասարդների կարիքները, հնարավորություններն ու ապագայի պատկերացումները

Առավոտ, «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում». ներկայացվեց երիտասարդության հիմնախնդիրների մասին Մարինա Գալստյանի նոր ուսումնասիրությունը

Երբ երիտասարդը ստիպված է ինքնուրույն կողմնորոշվել անորոշ միջավայրում

ORAGIR.NEWS, Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում

 

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ