Նորություններ
2022-08-06 02:00:35
«Քոուչինգը կրթության մեջ․ ինչպե՞ս հաղթահարել մասնագիտական ճգնաժամերը» աշխատարան
Օգոստոսի 6-ին «Առաջ Միասին» ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ «Քոուչինգը կրթության մեջ․ ինչպե՞ս հաղթահարել մասնագիտական ճգնաժամերը» աշխատարանը, որը վարեցին հարատև կրթության փորձագետ Էդիթ Սողոմոնյանը և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Մարինա Գալստյանը։ Աշխատարանի նպատակն էր ձևավորել՝ հարթակ միասին քննարկելու և հասկանալու կրթության ոլորտում քոուչինգի կիրառման նախադրյալները և հնարավորությունները։
Աշխատարանի ընթացքում Էդիթ Սողոմոնյանը ներկայացրեց քոուչինգի հիմնական դրույթները, քոուչի հիմնական կարողությունները, ինչպես նաև կրթության մեջ քոուչինգի կիրառման շրջանակները՝ անդրադառնալով կրթության նոր պարադիգմայի՝ ուսումնառակենտրոն, անհատական ուսումնառության մոդելին և Մայքլ Հուբերմանի կողմից մշակված ուսուցչի մասնագիտական կյանքի շրջափուլերին։ Մարինա Գալստյանը ներկայացրեց, թե ինչ մասնագիտական ճգնաժամերի են հանդիպում Հայաստանում ուսուցիչները՝ մասնակիցների հետ կիսելով վերջին վիճակագրական և հետազոտական տվյալներ։ Այնուհետև, աշխատարանի մասնակիցները սկսեցին աշխատել խմբերով՝ վեր հանելով, թե ուսուցչի մասնագիտական կյանքի յուրաքանչյուր շրջափուլում ինչ մասնագիտական ճգնաժամի եմ հանդիպում, քոուչիմգային ինչպիսի տեխնոլոգիայով կարելի է այն հաղթահարել։ Աշխատարանը ամփոփվեց խմբային աշխատանքների ներկայացմամբ։
Աշխատարանի ավարտից հետո մասնակիցները ուրվագծեցին քայլերի այն շրջանակը, որ կարող են իրականացնել հետագայում։
Աշխատարանին մասնակցեցին քոուչեր, դասավանդողներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ և տեղական, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցների ակտիվ շահագրգիռ մասնակցության և քննարկումների համար։
Շնորհակալություն Առաջ միասին ֆորումի կազմակերպիչներին հարթակի տրամադրման, ջանքերի համար։
Հետ գնալ