Նորություններ
2025-10-19 14:10:30
Մասնակցեցինք «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողովին
2025թ․ հոկտեմբերի 16-18 տեղի ունեցավ «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ։
Գիտաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Արցախի փաստացի պաշարումը, 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի բնակչության բռնի տեղահանությունն արտացոլվել և իմաստավորվել հանրային դաշտում և փոխանցվել բանավոր պատմությունների միջոցով, ինչպես նաև պատերազմի, տեղահանության և հիշողության ձևավորման քաղաքականությունը, սոցիալական, մշակութային հետևանքները։
Գիտաժողովում տարբեր հետաքրքիր զեկույցներ ներկայացվեցին արվեստի, դպրոցների, սոցիալական ցանցերի որպես հիշողության տարածքների, Արցախի տեղահանության սոցիալական, իրավական խնդիրների, հոգեբանական հետեւանքների և այլ կարևոր, արդիական գիտական թեմաների վերաբերյալ։
Մեր կենտրոնից Մարինա Գալստյանը ներկայացրեց «Երիտասարդների լռությունը որպես հիշողության եւ համակեցության ռազմավարություն հետպատերազմյան Հայաստանում» զեկույց, որտեղ ներկայացրեց Հայաստանի, այդ թվում Արցախից տեղահանված երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները։
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովի կազմակերպիչներին հագեցած ծրագրի, գիտական կարևոր հարթակի ձևավորման համար։
Հետ գնալ