Նորություններ

2025-10-29 13:02:57

Շուրջ 450 երիտասարդ արդեն մասնակցել է ՀՀ երիտասարդության վերաբերյալ հետազոտությանը․ մեկնարկել ենք դաշտային աշխատանքները

«Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում հետազոտության դաշտային աշխատանքները մեկնարկել են։

 

Ինչպես արդեն հայտնել էինք, նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից առնվազն 1000 երիտասարդ կմասնակցի հարցմանը, և 80 երիտասարդ կմասնակցի ֆոկուս խմբային քննարկումներին և խորին հարցազրույցներին։

 

Հետազոտական աշխատանքները սկսել ենք ընտրված երիտասարդ հետազոտողների համար դասընթացով՝ երիտասարդական հետազոտությունների մեթոդաբանության, հետազոտության մեթոդների և գործիքակազմի, էթիկական չափանիշների վերաբերյալ։

 

Դաշտային աշխատանքների այս փուլում ուրախ ենք ներկայացնելու արդեն իսկ իրականացված աշխատանքների մասին։ Այսպիսով, շուրջ 450 երիտասարդ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մասնակցել է քանակական հարցմանը, 10 երիտասարդների հետ իրականացրել ենք անհատական հարցազրույցներ, ինչպես նաև կազմակերպել և վարել ենք 2 խմբային քննարկում երիտասարդների հետ։

 

Մշակել ենք ինֆոգրաֆիկաների շարք՝ երիտասարդական ուսումնասիրությունների զարգացման փուլերի, երիտասարդության հայեցակարգերի, երիտասարդական ուսումնասիրությունների մեթոդաբանությունների վերաբերյալ։ Ինֆոգրաֆիկաներում նաև սկսել ենք ներկայացնել հարցման միջանկյալ արդյունքները։ Ինֆոգրաֆիկաների հաջորդ շարքերում կանդրադառնանք երիտասարդական ուսումնասիրությունների մեթոդաբանություններին, էթիկական չափանիշներին և այլն։

 

Հետազոտական աշխատանքները դեռևս շարունակվում են․ առաջիկայում կիրականացնենք խմբային քննարկումներ, քանակական հարցումներ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև խորհրդատվական հանդիպումներ պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների, երիտասարդների հետ աշխատող մասնագետների հետ։

 

Մենք կշարունակենք ներկայացնել ընթացիկ արդյունքները՝ նպատակ ունենալով նպաստել երիտասարդության վերաբերյալ գիտական գիտելիքի և հանրային դիսկուրսի զարգացմանը Հայաստանում։

 

Շնորհակալություն ենք հայտնում հետազոտությանը մասնակցած երիտասարդներին, մեր գործընկերներին, երիտասարդ հետազոտողների և աջակից թիմերին ցուցաբերած վստահության, համագործակցության և ջանքերի համար։ 

 

Հիշեցնենք, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ