Նորություններ
2025-09-22 11:08:59
«Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. Հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում իրականացված խորհրդատվական հանդիպումների արդյունքները
«Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» ծրագրի շրջանակում անցկացրել ենք փորձագիտական և խորհրդատվական հանդիպումներ՝ հետազոտական գործընթացը մասնակցային և համապարփակ դարձնելու նպատակով։ Դրանց նպատակն էր ձևավորել գիտելիքի ու քաղաքականության համատեղ հարթակ՝ միավորելով տարբեր դերակատարների՝ երիտասարդության հետ կապված մարտահրավերները, հնարավորությունները և կարողությունները բազմակողմանիորեն վերլուծելու համար։
Հանդիպումներին մասնակցել են․
- երիտասարդության ոլորտի ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ,
- քաղաքացիական հասարակության կառույցներ,
- միջազգային կազմակերպություններ,
- պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են երիտասարդական քաղաքականության մշակմամբ։
Քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են հետևյալ հետազոտական հարցերի կարևորությունը այս նախագծի շրջանակներում․
- ինչպես են հետպատերազմյան իրադարձությունները ազդում երիտասարդների ինքնության, արժեհամակարգերի և ապագայի նկատմամբ վերաբերմունքի վրա,
- ինչպիսի քաղաքական և կրթական գործիքներ են անհրաժեշտ երիտասարդության ներուժը զարգացնելու համար,
- ինչ դեր կարող է ունենալ երիտասարդությունը մասնակցային ժողովրդավարության ամրապնդման մեջ,
- որոնք են երիտասարդների կողմից տեղեկատվության սպառման առանձնահատկությունները և այլն։
Քանի որ նախագիծը միտված է ոչ միայն գիտական արդյունքների ստացմանը, այլև դիսկուրսի ստեղծմանը, որտեղ երիտասարդների ձայնը համադրվում է փորձագետների և որոշում կայացնողների տեսակետների հետ, հանդիպումների այս ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ հասկանալու երիտասարդության պահանջներն ու ձևավորելու քաղաքականության պատասխաններ, որոնք կհամապատասխանեն հետպատերազմյան իրականության առանձնահատկություններին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկեր կառույցներին և անհատ փորձագետներին հանդիպումների և կարևոր շեշտադրումների համար։
Մենք շարունակելու ենք իրականացնել նման հանդիպումներ։
Հետազոտությանը երիտասարդների ակտիվ մասնակցությունը ապահովելու համար հրավիրում ենք մեր հետազոտական թիմին միանալ երիտասարդ հետազոտողների։
Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. Հետազոտություն և դիսկուրս» նախագիծը իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ։
Այս աշխատանքում արտահայտված տեսակետները, հեռանկարները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։
Հետ գնալ