Նորություններ
2025-11-09 16:20:42
Մասնակցություն «Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանի հասարակություններում» միջազգային գիտաժողովին
Նոյեմբերի 4-5-ը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանի հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն էր քննարկել այն փոփոխությունները, որոնք թվային դարաշրջանը բերում է կրթական և գիտական միջավայր, ինչպես նաև խթանել միջազգային փորձի փոխանակումը՝ կրթության որակի բարձրացման և հետազոտությունների արդյունավետության ապահովման ուղղությամբ։
Միջոցառումը միավորեց Հայաստանի և արտերկրի առաջատար կրթական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչներին։ Գիտաժողովի հիմնական բանախոսներից էր Օքլենդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Բարբարա Օքլին (Barbara Oakley)՝ ուսուցման նեյրոգիտության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական։
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, ս․ գ․ թ․ Մարինա Գալստյանը գիտաժողովին հանդես եկավ «Վերաիմաստավորելով քաղաքացիական կրթությունը Հայաստանում․ երիտասարդների մասնակցությունը, քննադատական մտածողությունը և ժողովրդավարական արժեքները թվային դարաշրջանում» (Rethinking Civic Education in Armenia: Youth Participation, Critical Thinking and Democratic Values in the Digital Era) զեկույցով։ Զեկույցում ներկայացվեցին Հայաստանում ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության ծրագրերի բարելավմանն ուղղված հետազոտական արդյունքներ՝ հիմնված Հայաստանի երիտասարդների վերաբերյալ դեռ ընթացքի մեջ գտնվող լայնածավալ հետազոտության միջանկյալ տվյալների վրա։
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետին գիտաժողովի բարձր մակարդակով կազմակերպման, հրավերի և գիտական կարևոր հարթակ ստեղծելու համար։
Հետ գնալ