Նորություններ
2025-11-18 18:51:47
Շուրջ 900 երիտասարդ արդեն մասնակցել է ՀՀ երիտասարդության վերաբերյալ հետազոտությանը․ ամփոփում ենք հետազոտության միջանկյալ արդյունքները
«Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում հետազոտության դաշտային աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։
Ինչպես արդեն հայտնել էինք, նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից առնվազն 1000 երիտասարդ կմասնակցի հարցմանը, և 80 երիտասարդ կմասնակցի ֆոկուս խմբային քննարկումներին և խորին հարցազրույցներին։
Հետազոտական աշխատանքների շրջանակներում կազմակերպել ենք դասընթացներ ընտրված երիտասարդ հետազոտողների համար՝ երիտասարդական հետազոտությունների մեթոդաբանության, հետազոտության մեթոդների և գործիքակազմի, էթիկական չափանիշների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ աջակից թիմի հետ։
Դաշտային աշխատանքների այս փուլում ուրախ ենք ներկայացնելու արդեն իսկ իրականացված աշխատանքների մասին։ Այսպիսով, շուրջ 900 երիտասարդ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մասնակցել է քանակական հարցմանը, 15 երիտասարդների հետ իրականացրել ենք անհատական հարցազրույցներ, ինչպես նաև կազմակերպել և վարել ենք 5 խմբային քննարկում երիտասարդների հետ, որոնց մասնակցել է ավելի քան 40 երիտասարդ։
Հնարավորություն ենք ունեցել ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպած միջազգային գիտաժողովի շրջանակներում ներկայացնելու հետազոտության միջանկյալ արդյունքները։
Իրականացրել ենք խորհրդակցական հանդիպումներ նաև տեղական, պետական, հասարակական կառույցների, այդ թվում սահմանամերձ համայնքների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
Մշակել ենք ինֆոգրաֆիկաների շարք՝ երիտասարդական ուսումնասիրությունների զարգացման փուլերի, երիտասարդության հայեցակարգերի, երիտասարդական ուսումնասիրությունների մեթոդաբանությունների, էթիկական չափանիշներին վերաբերյալ։ Ինֆոգրաֆիկաներում նաև շարունակաբար ներկայացնում ենք քանակական հարցման միջանկյալ արդյունքները։
Հետազոտական աշխատանքները մոտենում են ավարտին․ առաջիկայում կիրականացնենք խմբային քննարկումներ աշխատանք փնտրող երիտասարդների շրջանում, ավարտին կհասցնենք քանակական հարցումները Երևանում և որոշ մարզերում, մյուսներում (Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ) արդեն ավարտել ենք հարցումները, ինչպես նաև խորհրդատվական հանդիպումներ պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների, երիտասարդների հետ աշխատող մասնագետների հետ։
Մենք կշարունակենք ներկայացնել ընթացիկ արդյունքները՝ նպատակ ունենալով նպաստել երիտասարդության վերաբերյալ գիտական գիտելիքի և հանրային դիսկուրսի զարգացմանը Հայաստանում։
Շնորհակալություն ենք հայտնում հետազոտությանը մասնակցած երիտասարդներին, մեր գործընկերներին, երիտասարդ հետազոտողների և աջակից թիմերին ցուցաբերած վստահության, համագործակցության և ջանքերի համար։
Հիշեցնենք, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։
Հետ գնալ