Նորություններ
2026-09-20 20:01:41
Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում․ հետազոտություն և դիսկուրս․ նախագծի ամփոփում
2026թ․ սեպտեմբերին ավարտվեց «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում․ հետազոտություն և դիսկուրս» հետազոտական նախագիծը, որն իրականացվել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Նախագիծը մեկնարկել էր 2025թ․ օգոստոսին։
Նախագծի նպատակն էր ուսումնասիրել 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի երիտասարդների փորձառությունները, նրանց առջև ծառացած մարտահրավերները, կարիքները, ապագայի պատկերացումները և սոցիալական մասնակցության հնարավորությունները։ Հետազոտությունը դիտարկել է երիտասարդների կյանքը հետպատերազմյան իրողությունների ավելի լայն համատեքստում՝ անդրադառնալով կրթությանը, զբաղվածությանը, հոգեբանական բարեկեցությանը, անվտանգության զգացողությանը, քաղաքացիական մասնակցությանը, միգրացիոն մտադրություններին և ապագայի սպասումներին։
Համապարփակ հետազոտություն՝ երիտասարդների բազմազան փորձառությունների ուսումնասիրությամբ
Հետազոտությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրմամբ՝ հնարավորություն տալով բացահայտելու ինչպես երիտասարդների շրջանում առկա ընդհանուր միտումները, այնպես էլ նրանց անհատական և խմբային փորձառությունների առանձնահատկությունները։
Հետազոտության շրջանակում՝
Որակական հետազոտությունն ընդգրկել է աշխատող ուսանողների, իրենց բնակավայրից դուրս սովորող երիտասարդների, ստեղծագործական ոլորտների ուսանողների, մասնագիտական կրթություն ստացողների, կրթությունից և զբաղվածությունից դուրս մնացած երիտասարդների, գործազուրկների, պատերազմի մասնակիցների, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդների, ինչպես նաև Արցախից տեղահանված երիտասարդների փորձառությունները։
Հետազոտական գործընթացը լրացվել է շուրջ 10 խորհրդակցական հանդիպումներով՝ ակադեմիական համայնքի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, կրթական հաստատությունների և տեղական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հանդիպումները նպաստել են երիտասարդության հիմնախնդիրների բազմակողմանի քննարկմանը և հետազոտական գիտելիքը քաղաքականության ու գործնական միջամտությունների հետ կապելուն։
Հետազոտությունից՝ դեպի գիտելիքի հանրայնացում և քաղաքականության մշակում
Նախագծի կարևոր արդյունքներից է Մարինա Գալստյանի՝ «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը, որը ներկայացնում է հետազոտության հիմնական արդյունքները, դրանց տեսական և վերլուծական մեկնաբանությունները և երիտասարդության քաղաքականությանն ուղղված առաջարկությունները։ Մենագրությունը երաշխավորվել է որպես մենագրություն՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից և հրատարակվել ԵՊՀ հրատարակչության կողմից։
Հայերեն և անգլերեն հրապարակումները հետազոտության արդյունքները հասանելի են դարձնում ինչպես Հայաստանի մասնագիտական և հանրային շրջանակներին, այնպես էլ միջազգային ակադեմիական համայնքին։ Դրանք կարող են ծառայել որպես հետագա ուսումնասիրությունների, համեմատական հետազոտությունների և երիտասարդության քաղաքականության վերաբերյալ մասնագիտական քննարկումների հիմք։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են յոք խոշոր հանրային և ակադեմիական միջոցառումներում՝ Հայաստանում և միջազգային հարթակներում։ Դրանց թվում են Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի (ESA) 2026 թվականի համաժողովը Վարշավայում, Սլովենիայի հասարակագիտական 19-րդ համաժողովը, «Հույսը և վստահությունը ճգնաժամի ժամանակներում» միջազգային գիտաժողովը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչպես նաև քննարկումներ երիտասարդների, հետազոտողների և երիտասարդության ոլորտի մասնագետների հետ։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության պատասխանատուներին՝ պետական երիտասարդական քաղաքականության մշակման համատեքստում դրանց գործնական կիրառությունը քննարկելու նպատակով։
Նախագծի շրջանակում պատրաստվել և տարածվել է 30 մեդիա նյութ և ավելի քան 60 ինֆոգրաֆիկա։ Դրանք ներկայացրել են հետազոտության հիմնական արդյունքները, երիտասարդության ուսումնասիրության տեսական մոտեցումները, մեթոդաբանական սկզբունքները և միջանկյալ տվյալները՝ բարդ տեղեկատվությունը լայն հանրության համար հասանելի դարձնելու նպատակով։ Հետազոտության արդյունքները հանրայնացվել են նաև փոդքասթների, սոցիալական մեդիայի, հանրային քննարկումների և գիտաժողովային ներկայացումների միջոցով։
Հետազոտության երկարաժամկետ նշանակությունը
Նախագծի ավարտը չի նշանակում դրա արդյունքների օգտագործման ավարտ։ Հավաքագրված և վերլուծված քանակական ու որակական տվյալները, հրապարակումները, մշակված առաջարկությունները և վերապատրաստված երիտասարդ հետազոտողների փորձը ձևավորում են գիտելիքի և մասնագիտական կարողությունների հիմք՝ երիտասարդության հետագա ուսումնասիրությունների համար։
Հետազոտության արդյունքները կարող են աջակցել երիտասարդության քաղաքականության և ծրագրերի մշակմանը, նպաստել երիտասարդների կարիքների ու ներուժի ավելի հիմնավորված գնահատմանը և խթանել երիտասարդների մասնակցության վերաբերյալ հանրային ու մասնագիտական քննարկումները։ Տվյալները նաև հիմք են ստեղծում հետագա համեմատական և երկայնական հետազոտությունների համար՝ ժամանակի ընթացքում երիտասարդների արժեքների, ձգտումների, ինքնուրույնության, քաղաքացիական մասնակցության և ապագայի ընկալումների փոփոխությունները ուսումնասիրելու նպատակով։
Կենտրոնի համար նախագծի կարևոր արդյունքներից է հետազոտական գիտելիքի և դրա հանրային կիրառության միջև կապի ամրապնդումը։ Նախագիծը միավորել է գիտական հետազոտությունը, երիտասարդների ձայները, մասնագիտական քննարկումները և քաղաքականության մշակմանն ուղղված առաջարկությունները՝ նպաստելով երիտասարդության վերաբերյալ փաստահեն գիտելիքի տարածմանը։
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը շարունակելու է տարածել և զարգացնել նախագծի շրջանակում ստեղծված գիտելիքը՝ գիտական հրապարակումների, ակադեմիական, մասնագիտական քննարկումների և հանրային միջոցառումների միջոցով։ Մենագրությունն արդեն ներառվել է համալսարանական դասընթացում՝ որպես ակադեմիական ուսումնական ռեսուրս։
Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագիծը իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։
Կարդալ մենագրությունը հայերեն
Read the monograph in English
Հետ գնալ